Չավուշօղլու․ Հայաստանի հետ նպատակը լիարժեք կարգավորումն է, Հայաստանը նույնպես շատ գոհ է դրանից

Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանի հետ երկրորդ հանդիպմանը կքննարկվեն վստահության ամրապնդման քայլերը։

1765836
Չավուշօղլու․ Հայաստանի հետ նպատակը լիարժեք կարգավորումն է, Հայաստանը նույնպես շատ գոհ է դրանից

Չավուշօղլուն երեկ կայացած նախարարների ժողովից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Պատասխանելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին հարցին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ առաջին հանդիպման ժամանակ հատուկ ներկայացուցիչները քննարկել են գործընթացի մեկնարկի նպատակները եւ ակնկալիքները։

Չավուշօղլուն ասել է հետեւյալը․

«Հայաստանի հետ նպատակը լիարժեք կարգավորումն է, մենք դա բացատրել ենք, Հայաստանը նույնպես շատ գոհ է դրանից։ Բայց ինչ քայլեր կարելի է ձեռնարկել լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի թռիչքների մեկնարկից եւ հատուկ ներկայացուցիչների նշանակումից, հաջորդ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները կաշխատեն դրա վրա, կքննարկվեն վստահության ամրապնդման քայլերը»։

Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության մասին հարցին ԱԳ նախարարը հայտարարեց, որ իրենք հույս ունեն, որ լարվածությունը տարածաշրջանում կնվազի եւ մատնանշեց լուծման համար երկխոսությունը։

«ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսությունը եւ ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը որոշիչ է լինելու այս հարցում»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն բանավոր պատասխանել է Ռուսաստանին ու նաեւ գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։

Չավուշօղլուն, հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ ԱԳ նախարար Անտոնի Բլինկենը կհանդիպեն Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ու ասել է հետեւյալը․

«Լարվածությունը շարունակվում է և լուրջ է, մենք նույնպես կշարունակենք մեր շփումները, նպատակը լարվածության թուլացումն է»։

 



Այս թեմայով լուրեր